Մեկնարկում է «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը: Ավելի քան 430 ստեղծագործող երիտասարդներ` Հայաստանից և արտերկրից, համախմբվում են արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով` փառատոնը առիթ է ի մի բերելու անկախության սերնդին, որ երիտասարդ է և ունի սխալվելու իրավունք. «Արվեստում հետաքրքիր, տաղանդավոր սխալը, մանավանդ երիտասարդ հասակում, կարող է նոր դուռ բացել: Կոլումբոսը սխալվեց, բայց հայտնաբերեց Ամերիկան: Եվ եթե այդպես կոլումբոսավարի ես սխալվում, անշուշտ հայտնաբերում ես նոր գեղարվեստական տարածություն: Արվեստը նորանում և թարմանում է, երբ գալիս են նոր անուններ: Մեր նպատակը նոր անուններ մեջտեղ բերելն է, նախ որ իրենք իրենց ճանաչեն, նաև ճանաչեն իրենց սերնդակիցներին»:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասաց, որ ուրախ կլինի, եթե եկող տարվանից ունենան երիտասարդ դրամատուրգների և սցենարիստների անվանակարգ: Կարևորեց նաև սփյուռքի մասնակցությունը, փառատոնի միջազգային դառնալու փաստը, որովհետև, նրա բնորոշմամբ, Տիգրան Մեծից հետո հայերը համախմբելու այսպիսի հնարավորություն չեն ունեցել. «Պետք է ձև գտնենք միասին մտածելու, միասին ստեղծելու, կարծում եմ «Արտ Ֆեստը» դրան նպաստում է»:
«Արտ Ֆեստ»-ն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25- ամյակին:Փառատոնը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ-ի ՈՒսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Կարապի լճի հարակից տարածքում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ